Հայտերի կանչ/Գիտաժողով նվիրված «3-րդ հարկ» շարժմանը
Cafesjian Center for the Arts (Cascade complex)

Du 02/06/2018 10h00 au 03/06/2018 16h00

Fuseau horaire : Yerevan (GMT+04:00)

Cafesjian Center for the Arts (Cascade complex)
10 Tamanyan Street
0009 Yerevan
Armenia
2018թ. հունիսի 2-3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է «Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողով:
«3-րդ հարկ» շարժումը 1980-1990-ական թթ․ հայաստանյան արվեստի և մշակույթի կարևորագույն դրսևորումներից էր: Շարժումը՝ ոճերի, տեխնիկաների և նյութերի տարասեռությամբ, արդի և ժամանակակից արվեստի ավանդույթների, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի բազմազանությամբ, մասնակիցների ահռելի թվով և, վերջապես, ցուցահանդեսների ծավալով ու հնչեղությամբ Հայաստանում նորարարական արվեստի գոյությունը դարձրեց անժխտելի հանրային փաստ՝ իր համապատասխան հետևանքներով: Շարժումը ոգեշնչող ազատության իդեալը՝ ծնված քայքայվող, բայց և ինքնաբարելավման փորձեր իրականացնող ԽՍՀՄ համակարգի ներսում, միաժամանակ ուղղված էր հենց համակարգի դեմ:
«3-րդ հարկ»-ը գորբաչովյան Վերակառուցման արդյունքն էր, բայց նրա գեղարվեստական օրակարգում ու արտադրանքում հառնեցին համակարգը ներսից քանդելու ներուժ ունեցող ուժեր ու ռազմավարություններ, որոնց ծագումն ու հետևանքները, զարգացումներն ու սահմանափակումները պարզելու նպատակ է հետապնդում գիտաժողովը: Հետազոտողներին ու ժամանակաշրջանով հետաքրքրվող անձանց հրավիրում ենք մասնակցելու գիտաժողովին և առաջարկում արծարծվելիք հարցերի հետևյալ շրջանակը․
• Ի՞նչ էր իրենից ներկայացնում «3-րդ հարկ»-ը կազմակերպական ու կառուցվածքային առումով:
• Որո՞նք էին «3-րդ հարկ»-ի շրջանակներում կայացած գեղագիտական ու մշակութային-քաղաքական սկզբունքները:
• Ի՞նչպես էր «3-րդ հարկ»-ը արտաբերում իր ժամանակը ու կանխատեսում հնարավոր ապագան:
• Ի՞նչ դեր ունեցավ «3-րդ հարկ»-ը Հայաստանի ժամանակակից արվեստի կայացման գործում:
• Որո՞նք են այն ուղերձները, որոնք ձևավորվեցին ու փոխանցվեցին շարժման շրջանակներում:
• Ինչպե՞ս են այսօր դրանք ընկալվում:
Հայտերի ներկայացման ընթացակարգ և վերջնաժամկետ՝
Հայտերը պետք է ներառեն զեկույցի վերնագիրը և հայերեն սեղմագիրը (մինչև 1000 բառ), անգլերեն ամփոփում (մինչև 300 բառ), հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ, հեղինակի անուն ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, կոնտակտային տվյալներ: Զեկուցումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ է հասցեին` conference@cmf.am:
Գիտաժողովի լեզուն հայերեն է։
Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 30-ը:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝
Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Թամանյան 10, Երևան
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Աստղիկ Մարաբյանին՝ (+374 10) 54 19 32/34 կամ (+374 91) 65 09 55 հեռախոսահամարներով:
Գիտաժողովի գործընկերն է Beeline Armenia-ն:
Source: www.facebook.com